Էմանուել Պողոսյան

ծնվ. 26.09.2006թ., ք.Երևան

«Տիեզերքում ես հույսի իմ աստղն եմ փնտրում»

Ասում են` ամեն մարդ տիեզերքում իր աստղն ունի: Ասում են նաև, որ մարդ կա երջանիկ աստղի տակ է ծնվել, մարդ էլ կա … հույսի իր աստղն է փնտրում տիեզերքում: Էմանուելը դեռ փոքր է, բայց արդեն փնտրում է, փնտրում է ամեն օր` գիշերները պատուհանից նայելով: Տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, բայց դա չի խանգարում որ ունեցած հնարավորություններով փնտրի. շատ է պետք: Ուզում է աստղագետ դառնալ. հարցեր ունի տալու, շատ հարցեր…
Անարդար է կյանքը. 2006-ին մահացավ հայրը, 2013-ին էլ քաղցկեղից` մայրը: Ծնողներին Երկրի վրա հարցնել չի կարող, իսկ այնտեղ` տիեզերքում, գուցե ստացվի… ինչո՞ւ իրեն թողեցին մենակ…
Էմանուելի խնամքով հիմա զբաղվում է մորաքույրը: Տղան դպրոցում գերազանց առաջադիմություն ունի, շատ է սիրում բնագիտական առարկաները, զարմացնող տրամաբանություն ունի, հաճախ բարձրացնում է հարցեր, որոնց միանգամից չես պատասխանի: Մտածող տղա է:
2013-ից Էմանուելը գտնվում է «Դիակոնիա» բ/հ-ի ուշադրության կենտրոնում: Ամեն ամիս սննդօգնություն է ստանում, տեսողության և ատամների հետ կապված խնդիրները լուծելու համար Հիմնադրամը նաև աջակցության ծրագրով ֆինանսական օգնություն է տրամադրել:
Այս տղան մի օր տիեզերքում գտնելու է հույսի իր աստղը: Դուք կարող եք օգնել նրան այս հարցում: Ո՞վ գիտե, գուցե շատ աստղեր գտնի` շատերի համար: