Դավիթ Գևորգյան

 ծնվ. 15.06.1994թ., ք.Երևան

«Կարիքը դատավճիռ չէ, եթե դու մենակ չես»

Ամեն մի տուն իր հոգսն ունի, ամեն ծնող երեխայի հետ կապված իր խնդիրներն ունի: Եթե երեխան չափից ավել աշխույժ է, կամակոր, ծույլ, ասում ես` դե˜… երեխա է, էլի, բոլորն էլ էդ տարիքում այդպիսին են: Երբ երեխայի հետ կապված խնդիրներն առողջականին են վերաբերում, պատրաստ ես ներել ծուլությունն էլ, կամակորությունն էլ ու ամեն ինչ, միայն թե նա լավանա:
Դավիթը կամակորներից չի եղել: Ձգտող, խելացի, դպրոցում լավ սովորող այս տղան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել ի ծնե: Էպիլեպսիա ախտորոշումը ծնողներին հանկարծակիի բերեց: Հայրը`Գևորգը, նույնպես առողջական խնդիր ունի, բայց տեսողության հետ, ինչի պատճառով չի աշխատում: Ինժեներ մայրիկն աշխատանքը կորցրել է, նոր աշխատանք գտնելու հույսն էլ վաղուց մարել է: Ու այս ընտանիքում ծնողները Դավիթից բացի մտածելու էլի բան ունեն` աղջիկը` Լիլիթը: Նա 2-րդ կարգի հաշմանդամ է. աջ աչքը չի տեսնում:
Կան մարդիկ, որ նման խնդիրների դեպքում հանձնվում են, դառնում անտարբեր, չարանում են ճակատագրի ու մյուսների հանդեպ: Այս ընտանիքն ուրիշ է: Իրենց խնդիրների համար ոչ մեկի չեն մեղադրում. իրենց կյանքն ապրում են` խնդիրները լուծելով, երեխաներին ճիշտ դաստիարակելով: Դավիթն ուսման հարցում շատ հետևողական է եղել թե՛ դպրոցում, թե՛ արդեն նաև համալսարանում: Մանկության տարիներից նկարչության հանդեպ մեծ սերը հիմա մասնագիտություն է դառնում: Նա սեփական ուժերով ընդունվեց Երևանի Ճարտարագիտական համալսարան: Նպատակ ունի դառնալ մասնագետ, աշխատել և օգնել ծնողներին: Անվճար հիմունքներով սովորել չստացվեց, բայց այդքան չարչարանքից հետո հրաժարվել երազանքից… Ուսման վարձը տարեկան կազմում էր 620.000 դրամ:
2000թ.-ից նա դարձավ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի շահառու: Ուսման առաջին իսկ տարվանից Հիմնադրամը և հովանավորը համատեղ աջակցեցին ընտանիքին` վճարելով Դավթի ուսման 4 տարիների և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսման վարձը:
Դավթին օգնեցին և այս օրինակը նրա համար ուրիշներին օգնելու սկզբունք դարձավ: 2015 թվականի ամռանը նա «Հույսի Ավան»-ում նկարչություն էր դասավանդում շնորհալի երեխաներին: Ինքը շնորհալի է, ու հասկանում է , որ եթե իրեն չօգնեին, ոչ մի բանի չէր հասնի: Այս դասը նա ամբողջ կյանքում կդասավանդի ուրիշներին, ինքն էլ ուրիշների համար օրինակ կդառնա: Ու ընդհանրապես, «Օգնիր , որ փոխես առաքելությունը», որով առաջնորդվում է «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը, ոչ միայն իրականությունը փոխելուն է միտված, այլև մտածելակերպի, որովհետև մեր կյանքում շատ խնդիրներ գործնականում լուծումներ ստանում են, բայց մտածելակերպում այդպես էլ մնում են չլուծված և արդյունքում իրականությունը մեծ հաշվով չի փոխվում:
Հիմա Դավիթը չնչին աշխատավարձով աշխատում է մանկական ժամանցի մի կենտրոնում: Հավատում է, որ սա սկիզբն է, որ մի օր հնարավորություն կունենա լիովին բացահայտելու իր ներուժը: Քույրիկը` Լիլիթը, չնայած հաշմանդամությանը, նույնպես հեշտ հանձնվողներից չէ. անվճար հիմունքներով գերազանց առաջադիմությամբ սովորում է Բժշկական համալսարանում: Ընտանիքն օգնության կարիք ունի, բայց Դավիթն արդեն տեսել է, որ բարի մարդիկ, երբ հասունանում է պահը, օգնում են ու աջակցում, երբ քո հնարավորություններն արդեն սպառված ես համարում, օգնության է հասնում Օգնությունը: