Անահիտ Վարդանյան

ծնվ. 02.02.1998թ., ք. Երևան

«Ես շնորհակալ եմ հարազատ դարձած օտարին»

Մարդու կյանքում մի քանի կարևոր իրադարձություն կա, որոնք կայանում են մեկ անգամ ու ամբողջ կյանքի համար: Դրանցից մեկն ընտանիքն է: Հույսով, հավատով ու սիրով հաստատված միություն, որը սակայն հաճախ ավարտվում է դեռ միության առաջին տարիներից: Թվում է` ի՞նչ է եղել որ. չստացվեց: Գուցե… չստացվեց, իսկ երեխանե՞րը, նրանք ինչո՞վ են մեղավոր, որ մնացել են իրականության քմահաճույքին…
2001թ.-ից երկու փոքրիկ` Անահիտն ու քույրը` Ալվարդը, դարձան մեծ ընտանիքի անդամ: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ծրագրերից էին օգտվում, երիտասարդ մոր` Քրիստինեի ամենակարևոր խնդիրներից մեկը` սննդի հարցն էր լուծվում: Երեխաներն ունեին իրենց հովանավորները` օտար երկրում ապրող օտար մարդիկ հոգում էին նրանց կարիքները:
Քրիստինեն զրկվել էր նաև տնից ու ապրում էր 71-ամյա մոր տանը, ով նույնպես խնամքի և օգնության կարիք ուներ: Ընտանիքն ապրում էր` օրհնելով օրհնողներին: Աղջիկների մայրը չէր խորշում ոչ մի աշխատանքից` լիներ ուրիշների տներում մաքրուհու աշխատանք, թե կարի պատվերներ: Մի կարևոր բան չպակասեց այս ընտանիքում` հավատը վաղվա լավ օրվա, հույսը` աղջիկների համար երջանիկ ճակատագրի և սերը այն մարդկանց հանդեպ, ովքեր անշահախնդիր օգնում են:
Հիմա, երբ Անահիտն (19 տարեկան) ու Ալվարդը (20 տարեկան) մեծացել են և երկուսն էլ ուսանող են, Քրիստինեն դժվարին իրավիճակում է հայտնվել: Մշտական աշխատանքի բացակայությունը անհաղթահարելի խոչընդոտ է դարձրել աղջիկների ուսման վարձի վճարումը: Ալվարդը սովորում է Վ. Բրյուսովի անվ. Օտար լեզուների համալսարանում` հեռակա ուսուցմամբ, (տարեկան վարձը 280.000 դրամ է), իսկ Անահիտը` Ֆրանսիական համալսարանի 2-րդ կուրսում, ունի բարձր առաջադիմություն, ընտրել է «Ճարտարագիտություն և դիզայն» բաժինը, որտեղ պետք է սովորի ևս 2,5 տարի, (տարեկան վարձը` 640.000 դրամ):
Անահիտի ուսման համար Քրիստինեն կարողացել է վճարել միայն 1-ին կուրսի 1-ին կիսամյակի համար: Աղջիկը կզրկվեր ուսումը շարունակելու հնարավորությունից, եթե օգնության ձեռք չմեկներ «Դիակոնիա» բ/հ-ի տնօրինությունը: Անահիտը 2017թ. հուլիսին կավարտի համալսարանի 2-րդ կուրսը:
Ուսում ստանալը Անահիտի բաղձալի երազանքներից ամենակարևորն ու առաջնայինն է. իր այս ձգտումով նա ուզում է հետագայում թեթևացնել իր մոր հոգսն ու տանջանքները, ոտքի կանգնի, մասնագիտություն ունենա, որպեսզի ճակատագրի հեգնանքին պատասխանի նույն հեգնանքով:
Կարիքը երևույթ է, որը մարդուն մաշում է ներսից: Փա˜ռք Աստծո, որ կան մարդիկ, ովքեր կարիքի գերի չեն դառնում մտքով, ձգտում են դուրս գալ այդ իրավիճակից, ամեն ինչ անում են, որպեսզի գոնե իրենց երեխաները չապրեն սոցիալապես անապահովի գիտակցությամբ: Քրիստինեն իր երեխաների մեջ չի դաստիարակել աղքատի հոգեբանություն, ու դա նրան հաջողվել է նաև այն մարդկանց շնորհիվ, ովքեր օգնել են, անտարբեր չեն եղել: Նշանակություն չունի, որ օգնողների մեջ նաև օտարազգիներ են. բարեգործությունն ազգություն չի ճանաչում: