Շինարարություն

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի առաքելության մեջ կարևոր ուղղություն է «Շինարարական» ծրագիրը: «Սննդօգնության», «Բժշկական աջակցության», «Հագուստի», «Կրթական» և «Սոցիալ-հոգեբանական» ծրագրերի իրականացման հետ մեկտեղ` մենք մարդկանց և՛ կեցությունն ենք թեթևացնում, և՛ հնարավորություն ենք տալիս սեփական աշխատանքով վաստակել ու արժանապատիվ կյանքով ապրել:

Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շինարարական տարբեր ծրագրեր` սոցիալապես անապահով ընտանիքների բնակության վայրերի, դպրոցների, մանկապարտեզների, բուժկենտրոնների հիմնավերանորոգում, կառուցում, ջրագծերի կառուցում, ինչպես նաև մի ամբողջ բնակելի թաղամասի կառուցում:

«Հույսի Ավան» թաղամասի կառուցում: 2001թ.-ից համագործակցելով ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի հետ «Դիակոնիա» բ/հ-ը կյանքի է կոչել «Հույսի Ավան» բարեգործական նախագիծը, որով նախատեսված էր 200 անապահով ընտանիքների համար կառուցել հույսի իրենց տունը: 2001թ.-ի օգոստոսի 6 կառավարության որոշմամբ՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին հատկացվեց 16 հեկտար հողատարածք Աշտարակի խճուղու հարևանությամբ: Ծրագրով նախատեսված էր բնակարաններից բացի «Հույսի Ավան»-ում կառուցել նաև միջնակարգ դպրոց, ուսումնարան` կից արտադրամասով, երկհարկանի վարչական շենք, համաբուժարան, առևտրի և ժամանցի կենտրոններ: Կարճ ժամանակ հետո այս տարածքում արդեն լսվում էր նախկինում անօթևան, հիմա արդեն իրենց բարեկեցիկ Ավանում ապրող երեխաների ուրախ աղմուկը: Նախատեսված 200 բնակարաններից կառուցվել է 78-ը: 78 բազմազավակ ընտանիքների 500 անդամներ այժմ ապրում են մշտական ջրով, ջեռուցմամբ, հեռախոսով և կենցաղում անհրաժեշտ կոմունիկացիայի բոլոր պայմաններով ապահովված բնակարաններում: Բնակարաններն ունեն նաև տնամերձ հողատարածք 400 քմ: Այգիները մշակելու և խնամելու համար թաղամասում անցկացվել է նաև ոռոգման ցանց, կատարվել են սիզամարգերի բարեկարգման և ցանկապատների կառուցման, ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնադրամն ավարտին է հասցրել նաև վարչական շենքի, ուսումնարանի և կից արտադրամասի կառուցման աշխատանքները:
Մնացած աշխատանքներն ընթացքի մեջ են:

Գետիկ գյուղի ջրագծի վերանորոգում 15.02.2015 Գեղարքունիքի մարզ

Ճամբարակի շրջանի Գետիկ գյուղի գյուղապետը Հիմնադրամին դիմել էր գյուղում խմելու ջրի ջրագիծը վերանորոգելու խնդրանքով: Այս մարզում տարբեր ծրագրեր իրականացնելիս Գետիկ գյուղում մենք ականատես էինք եղել այն փաստին, որ ծորակից եկող ջուրը պղտոր է , հատկապես երբ օրն անձրևոտ է լինում: Այստեղ ընտանիքներին հասնում է լեռների աղբյուրներից եկող խմելու ջուր, բայց այն ճանապարհը, որ անցնում է ջուրը, մեզ թույլ չէր տալիս ասել, որ այն մաքուր է և անվտանգ օգտագործման համար: Սակայն Գետիկում ապրող մարդիկ օգտագործում էին հենց այդ ջուրը, քանի որ չունեին որևէ այլընտրանք, ջուրը բնակիչներին հասցնող խողովակները նույնիսկ ոռոգման ջրի համար պիտանի չէին: Այս խողովակները կառուցվել են 40-50-ական թվականներին, կես դարից ավել ծառայել էին, բայց ամբողջ խողովակաշարն արդեն կոռոզիայի էր ենթարկվել, անցքեր էին բացվել խողովակների վրա, որտեղից էլ ամբողջ կեղտը լցվում էր խմելու ջրի խողովակների մեջ և այդպես կեղտոտ գալիս, հասնում բնակիչներին: Բնակիչները այս ջուրը խմում էին, օգտագործում տարբեր կենցաղային նպատակներով: Հասկանում էին, որ այն վտանգավոր է իրենց առողջության համար, սակայն այլ տարբերակ չունեին, ջրի այլ աղբյուր այս գյուղում չկա, ի՞սկ եթե հանկարծ համաճարակ սկսվեր…

Գյուղապետարանը միջոցներ չուներ ջրագծերը փոխելու համար: Գյուղի բնակիչներով պատրաստ էին ինքնուրույն փոխել խողովակները, սակայն շինարար-մասնագետները նշում էին, որ այս տարածքն այնպիսին է, որ հնարավոր չէ միայն բնակիչների ջանքերով ամբողջ խողովակաշարը փոխել: Այսինքն` բացի խողովակներից, քանի որ ջրագիծը անցնում է լեռների միջով, այստեղ հատուկ տեխնիկա էր պետք, որպեսզի աշխատանքներն իրականացվեին: Նմանատիպ տեխնիկայի վարձակալությունը բավական թանկ արժե. տեխնիկան ժամավճարով է աշխատում: Այս աշխատանքը առանց հովանավորների օգնության հնարավոր չէր իրականացնել:«Դիակոնիա» բ/հ-ը չանտեսեց դիմում-խնդրանքը և «Մենսենքինդերեն» հիմնադրամի օգնությամբ իրականացրեց շինարարական ծրագիր: Անհրաժեշտ էր փոխել ամբողջ խողովակաշարը: Ինչպես նախատեսված էր ծրագրով, շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ մեծ օգնություն ցուցաբերեցին գյուղի տղամարդիկ` ապահովելով բանվորական ուժը, բայց այստեղ կարևոր էր նաև տեխնիկայի առկայությունը, հողի փորման աշխատանքները պետք է կատարվեին համապատասխան տրակտորով: Բարեբախտաբար, ոչ եղանակը, ոչ որևէ այլ գործոն չխանգարեցին մեր աշխատանքներին և մենք կարողացանք այս տեխնիկան տեղափոխել սարեր, որտեղ պետք է փորվեր հողը: Արդյունքում ունեցանք 432 մ փոխված խողովակաշար, դրանից 250 մետրը ջրամբար մտնող խողովակներն են, 180 մետրը` ջրամբարից դուրս եկող: Սրանք խողովակաշարի հենց այն հատվածներն էին, որոնք ենթարկվել էին կոռոզիայի ու վնասվել: Այժմ էլ ոչ մի անցք չկա ջրատար խողովակների վրա, հետևաբար` Գետիկ գյուղ մտնում է միայն մաքուր ջուր:
Այս ծրագրի իրականացումը մեծապես փոխեց Գետիկ համայնքի բնակիչների կենցաղը` նրանց ապահովելով խմելու համար պիտանի ջրով, ինչպես նաև նպաստելով մի ամբողջ գյուղի բնակիչների առողջության պահպանմանը:

Սոցիալական աջակցության կենտրոնի կառուցում Լոռու մարզի Թումանյան քաղաքում

ՀՀ մարզեր ամենամսյա այցելություների արդյունքում մենք ականատես եղանք Լոռու մարզի 9 քաղաքներում և 105 գյուղերում ապրող մարդկանց ծանր կենցաղին: Հիմնադրամի ծրագրային մյուս ուղղությունների իրականացմանը զուգահեռ առաջնահերթ խնդիր էր նաև մարզի երեխաների, սոցիալապես անապահով և միայնակ ծերերի համար սոցիալական աջակցության կենտրոնի կառուցումը: Թումանյան քաղաքում Խորհրդային տարիներից մնացած չշահագործվող ու գրեթե անպիտան մի կառույց կար` նախկին մանկապարտեզի շենքը: Թումանյան քաղաքի քաղաքապետը, տեղեկանալով ծրագրին, իր պատրաստակամությունը հայտնեց օգնության հարցում: Շենքի մի կեսը տարիներ առաջ սեփականաշնորհվել էր երկու բնակիչների կողմից, իսկ մյուս կեսը գտնվում էր քաղաքապետարանի տնօրինության տակ: Քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող տարածքը քաղաքապետը մեծ սիրով նվիրատվություն արեց «Դիակոնիա» բ/հ-ին: Սկսվեցին հիմնանորոգման աշխատանքները: Ինչու` հիմնանորոգման, որովհետև հիմքից ամբողջությամբ ամեն ինչ փոխվել է, պատերը , պատուհանները, խողովակաշարը: Քանի որ շենքը նախատեսված էր մանկապարտեզի համար, այն շատ հարմար էր օգտագործել որպես երեխաների և մեծերի հանգստի ու ժամանցի կենտրոն: Հովանավորների աջակցությամբ Հիմնադրամը հիմնանորոգեց շենքը, կահավորեց և 2016 թվականի ամռանն այն արդեն սկսեց ծառայել իր նպատակին: Այս շինարարության իրականացմամբ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը «Շինարարական ծրագրին» զուգահեռ իրականացրեց նաև «Սոցիալ-հոգեբանական» ծրագիր, որն ավելի ծավալուն ներկայացված է «Սոցիալ-հոգեբանական» ծրագրեր բաժնում:

Ալավերդու բժշկական կենտրոնի կառուցում

Տուբերկուլյոզի բուժումը Հայաստանում անվճար է իրականացվում, սակայն մարդկանց անհրաժեշտ է ճանապարհածախս, որպեսզի Հայաստանի տարբեր շրջաններից հասնեն այս հիվանդության բուժման միակ կենտրոն, որը գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Տուբերկուլյոզով հիվանդների թիվը շատ մեծ է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում` պայմանավորված քաղաքում աղքատության բարձր մակարդակով, սակայն հիվանդները, որոնց մեծ մասն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, չեն կարողանում գնալ Ալավերդուց 200 կմ հեռու գտնվող Աբովյան քաղաք և բուժում ստանալ: Այսպիսի կենտրոն կառուցելը մեծ անհրաժեշտություն էր քաղաքի համար, որի ծառայություններից կարող էին օգտվել նաև մարզի այլ քաղաքների ու գյուղերի բնակիչներ:
«Դիակոնիա» բ/հ-ն Ալավերդի քաղաքում «Մենսենքինդերեն» հիմնադրամի օգնությամբ համապատասխան բժշկական կենտրոն կառուցելու ծրագիր մշակեց: Ալավերդու բժշկական կենտրոնին կից կար մի շինություն, որը լքված էր և չէր համապատասխանում նմանատիպ կենտրոնի ստանդարտներին, հետևաբար անհրաժեշտ էր վերանորոգել այն և ստեղծել համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ: Երկար ժամանակ պահանջվեց մինչև շենքը ստացավ իր վերջնական տեսքը, բայց դա պայմանավորված էր նրանով, որ շենքի բարեկարգումը մանրակրկիտ ու երկարատև աշխատանք էր պահանջում և հիգիենայի կանոնները պահելու համար անհրաժեշտ էր ամեն բան ճիշտ իրականացնել: Սկզբում կատարվեցին ապամոնտաժման աշխատանքները, փոխվեց նաև շենքի նախագիծը, քանի որ նախկին շենքը չէր համապատասխանում ստանդարտներին: Տուբերկուլյոզի կենտրոնն ունեցավ 3 հիվանդասենյակ, 2 լաբորատորիա, սանհանգույց, միջանցք: Կենտրոնի համար բացվեց նաև նոր մուտք, ինչպես որ նախատեսվել էր նախնական ծրագրով: Այսինքն` տուբերկուլյոզի կենտրոնն ունեցավ 2 մուտք, մեկով հիվանդ մարդը մտնում և ստանում է համապատասխան բուժում, և արդեն առողջացած հիվանդանոցից դուրս գալիս մյուս մուտքով: Տուբերկուլյոզի բուժման կենտրոնի կառուցման առաջին խնդիրն այն էր, որպեսզի հիվանդը հնարավորինս մեկուսացվի առողջ մարդկանցից, որպեսզի նաև կանխարգելվի հիվանդության տարածումը առողջ մարդկանց շրջանում: Այժմ քաղաքն ունի տուբերկուլյոզի բուժման և կանխարգելման կենտրոն, ինչը կնպաստի քաղաքի, ինչպես նաև մարզի բնակիչների առողջության որակի բարձրացմանը: Քաղաքի և նրա հարակից գյուղերի տուբերկուլյոզով հիվանդ բնակիչները այս կենտրոնում ստանում են մասնագիտական արդյունավետ բուժում, իսկ պրոֆիլակտիկ բուժզննումները հնարավորություն կտան կանխարգելել հիվանդության հնարավոր զարգացումը: