Հագուստի օգնություն

Տարեսկզբին դպրոց հաճախելու սպասումը կրկնակի ուրախություն է թե՛ երեխայի, թե՛ նրա ծնողի համար, բայց այդ սպասումը շատերի համար դառնում է անելանելի իրավիճակ, որին հաճախ ստիպված են լինում համակերպվել ծնողները։ Ծնողները հարկադրված ընդունում են դառը իրողությունը, բայց երեխաներին բառերով չես բացատրի՝ ինչո՞ւ հարևան երեխաները կարող են հաճախել դպրոց բոլոր անհրաժեշտ պարագաներով, իսկ դու… Մյուսներն ունեն դպրոցական գեղեցիկ հագուստ, պայուսակ, գունավոր մատիտներ, գրիչներ…

Ձմռան գալուստը երեխաների համար ուրախանալու, ժամանցային նոր հնարավորությունների սպասված ժամանակահատված է, բայց մեր կողքին քիչ չեն նաև այն երեխաները, որոնք տնից դուրս գալու, առավել ևս դպրոց հաճախելու համար անհրաժեշտ հագուստի խիստ կարիք ունեն։ Այդպիսի երեխաների ու նրանց ընտանիքների մասին լսել են շատերը։ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը նրանցից շատերի կարիքներին լավ ծանոթ է և հասցեական օգնություններ է տրամադրում։

Մեզ դիմած կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաների համար ապահովում ենք դպրոցական հագուստ և գրենական պիտույքներ, դպրոցական պայուսակ և այլ անհրաժեշտ պարագաներ: Տաք հագուստով և ձմեռային կոշիկներով փաթեթները երեխաներին տրամադրվում են ցրտաշունչ ձմռան շեմին:
Այս նախագծերը իրականություն են դառնում այն բարեգութ հովանավորների ու դոնորների շնորհիվ, որոնք հավատարիմ են բարեգործության և դիմացինին օգնելու քրիստոնեական արժեքներին: