Առողջապահություն

Մարդու առողջությունն ամենաթանկ բաներից մեկն է աշխարհում թե՛ կոնկրետ մարդու համար, թե՛ առողջ հասարակություն ունենալու առումով: Երբ կան առողջական խնդիրներ, մարդը ֆիզիկական ցավից բացի ունենում է նաև հոգեբանական ընկճվածություն և ուշադրության ու հոգատարության մեծ կարիք է զգում: Միայն խոսքով, միայն ցավալով ցավին չես օգնի. անհրաժշետ է իրական օգնություն: Լինում են դեպքեր, երբ օգնությունն անհրաժեշտ է անհապաղ, երբ մարդու կյանքի համար ամեն մի կորցրած րոպեն կարող է լինել վերջինը: Այսպիսի իրավիճակներում հիվանդներից առավել ծանր հոգեբանական վիճակում են հայտնվում հարազատները` անհրաժեշտ ֆինանսական միջոցների կամ մասնագետների բացակայությունը պայքարի ոչ մի շանս չեն թողնում: Կյանքը թանկ է բոլորի համար, իսկ եթե խնդիրը երեխայի հետ է կապված` իրավիճակն ավելի ողբերգական է դառնում:

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը այստեսակ ծայրահեղ իրավիճակներում` սրտի անհետաձգելի վիրահատությունների, չարորակ գոյացությունների հետագա զարգացումը կանխող թերապիաների, ապարատային հետազոտություններն ու բուժումն արտերկրում կազմակերպելու բազմաթիվ դեպքերի ժամանակ իր շահառուների կողքին է և ոչ միայն շահառուների. նման իրավիճակներում Հիմնադրամին դիմած մարդիկ հուսախաբ չեն լինում, աջակցությունն անմիջապես կազմակերպվում է: Միայն անուններ թվելով իրական պատմությունները չես ներկայացնի: Այդ պատմությունները կան, ապաքինված ու շնորհակալ մարդիկ էլ իրենց հաջողությունների մասին մեզ գրում են իրենց նամակներում:
Ինչպես մյուս ծրագրերում, առողջապահական ծրագրեր իրականացնելիս նույնպես Բ/հ-ն օգնում է ոչ միայն օժանդակության մեկ-երկուանգամյա ծրագրերով, այլև երկարաժամկետ ծրագրերով:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը շահառուների առողջապահական ծրագրերի իրականացման շրջանակներում կազմակերպում է շահառուների ամենամսյա բուժօգնություն՝ ատամնաբուժական ծառայություններ, ապարատային և ոչ ապարատային հետազոտությունների աջակցում, դեղորայքի բաշխում: Հիմնադրամում անվճար հիմունքներով գործում է ատամնաբուժարան ` բժիշկ-ստոմատոլոգ Հայկ Յաղուբյանի ղեկավարությամբ: Ամսական կտրվածքով ատամնաբուժարանից օգտվում է 40-50 շահառու երեխա։ 2003 թվականից Հիմնադրամի փորձառու մանկաբույժ Մարինա Ղուկասյանն աշխատում է 5-20 տարեկան 48 հաշմանդամ շահառուների հետ (մանկական ուղեղային կաթված, շաքարային դիաբետ, էպիլեպսիա և այլն)։ Մանկաբույժը պարբերաբար այցելում է շահառու երեխաներին, ծանոթանում նրանց առողջական վիճակին, զրուցում խնամողների, բուժող բժիշկների հետ։ Երեխաների ծնողների հետ տարվում են նաև հոգեբանական աշխատանքներ։ Երեխաներից շատերն իրենց ուղեկցող բժշկի հետ հաճախ գալիս են Հիմնադրամ, որտեղ նրանց համար կազմակերպում ենք տոն- խաղեր, երգ-երաժշտություն, շփում, զրույց։ Հիմնադրամին աջակցող մեր ընկերների շնորհիվ այս երեխաների համար ապահովում ենք հատուկ թերապիայի ժամեր, ամենամսյա դեղորայք, խնամքի անհրաժեշտ պարագաներ, տակդիրներ, հենասայլակներ և այլն:

Առողջապահական ծրագիր ուղղված հիվանդությունների կանխարգելմանը

Հիվանդությունների բուժմանն աջակցելուն զուգահեռ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն իրականացնում է նաև ծրագրեր, որոնք ուղղված են հիվանդությունների կանխարգելմանը: ՀՀ-ում թոքախտ հիվանդության բուժումը կազմակերպվում է անվճար հիմունքներով, սակայն մեր հանրապետությունում այս հիվանդության բուժման միակ մասնագիտացված կենտրոնը գտնվում է Աբովյան քաղաքում, բայց Հայաստանի տարբեր մարզերում ևս կան այսպիսի հիվանդներ, որոնք բուժման կարիք ունեն, բայց Աբովյանում գործող մասնագիտացված կենտրոն հասնելու հնարավորություն չունեն: Լոռու մարզում այս խնդրի լուծման հարցում իր ներդրումն ունեցավ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի օգնությամբ Ալավերդի քաղաքում վերանորոգվել է հիվանդանոցի տուբերկուլյոզի բաժանմունքը, որն իրականացնում է տուբերկուլյոզով տառապող հիվանդների բուժումը և հիվանդության կանխարգելումը: Այսպիսի կենտրոնի վերանորոգումը մեծ անհրաժեշտություն էր քաղաքի համար, որի ծառայություններից կարող են օգտվել նաև մարզի այլ քաղաքների ու գյուղերի բնակիչները:

Լոռու մարզում առողջապահական ծրագրերը այսքանով չեն ավարտվել: Հիմնադրամի հովանավորների աջակցությամբ վերանորոգվել է նաև Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում գործող պոլիկլինիկան, որը սպասարկում է թաղամասի և մոտակա Ակներ գյուղի շուրջ 11000 բնակչի: Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում գործող առողջության կենտրոնին տրամադրվել է սոնոգրաֆիայի բազմաֆունկցիոնալ ապարատ, որի շնորհիվ մեծ Պարնիի և մոտակա գյուղերի ազգաբնակչությունը այլևս ստիպված չէ հետազոտվելու համար հասնել Սպիտակի հիվանդանոց: Տաշիրի բժշկական կենտրոնի մանկական պոլիկլինիկայում, կրկին հիմնադրամի հովանավորների աջակցությամբ, իրականացվել է մասնակի վերանորոգում: Փոխվել են դռներն ու լուսամուտները, տեղադրվել է ջեռուցման համակարգ: Պոլիկլինիկան սպասարկում է Տաշիր քաղաքի և մոտակա 16 գյուղերի բնակիչներին: Մեր ծրագրերը չեն սահմանափակվում միայն շահառուների խնդիրները լուծելով. մենք այնտեղ ենք, որտեղ մարդիկ ունեն «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կարիքը:

Այս փաթեթներից կարող են օգտվել ինչպես «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի շահառուները, այնպես էլ ՀՀ և ԼՂՀ տարածաշրջաններում ապրող հիմնադրամի չափորոշիչներին համապատասխանող կարիքավոր ցանկացած ընտանիք կամ երեխա, որը կդիմի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին համապատասխան աջակցություն և օժանդակություն ստանալու նպատակով: