Հայաստանի մասին

Հայաստանն աշխարհի հնագույն երկրներից մեկն է: Արարատ լեռը` մարդկային ցեղը պահպանելու Աստծո կամեցողության վկան, իր ստորոտին հայ ժողովրդի նախնիներին է պատսպարել անհիշելի ժամանակներից: Արարատ լեռը մեկ այլ անուն էլ  ունի՝ Մասիս: Երբ լեռը գծագրում ես ու նայում ստացված պատկերին, հասկանում ես այդ բառի հայերեն ստուգաբանության իմաստը. մայրական կուրծք է նշանակում Սիսն ու Մասիսը: Սիս բառն այստեղից դեպի աշխարհի մյուս անկյունները շարժված ու բնակեցրած մարդկանց խմբերի հետ տեղափոխվել ու հասել է նոր բնակավայրեր, երկրներ հիմնած և նոր ժողովուրդներ դարձած մարդկանց բառապաշար` որպես արմատների մասին հավերժական հիշողություն: Սիս և Մասիս բառերն ավանդական նշանակությամբ նաև մաքուր, սուրբ, սրբազան իմաստն ունեն, որոնք մայրական կրծքին մոտ և նրանից բխող իմաստներ են: Հայկական լեռնաշխարհում է գտնվում Աստվածաշնչում նկարագրված Դրախտը: Այս երկիրը հնագույն հարևանների կողմից անվանվել է Սուրբ օրենքների, Անմահների, Արդարության, Ջրհեղեղից փրկվածների երկիր, իսկ Արարատ լեռն այդ նույն հնագույն աղբյուրներից մեզ է հասել «Աստվածների Ժողովի Լեռ» անվամբ: Լինելով աշխարհի հնագույն երկրներից մեկը ` Հայաստանն  իր ժողովրդով անցել է մարդկության պատմության հազարամյակների ընթացքում պատուհասած փորձությունների միջով, կա, ապրում է ու երիտասարդական ավյունով նոր խնդիրներ է դնում իր առջև և լուծում դրանք: Պատմական հայրենիքի մի փոքր մասն է կարողացել պահպանել, սակայն նախնիների ստեղծարար տաղանդի շնորհիվ պատմական ժառանգությունը նրան շարունակ ներկա է պահում աստվածային հեռուներից եկող հայրենիքում: Հայերն իրենց երկիրը Հայաստան են կոչում, սակայն այն աշխարհին հայտնի է Արմենիա անվամբ: Հնագույն անունը «Արատտա» է, ավելի մոտ Արարատ լեռան անվանը: Մայրաքաղաքի` Երևանի անունը ստուգաբանում են ջրհեղեղից հետո ցամաքը երևալու մասին ուրախ աղաղակի` ԵՐԵՎԱՑ բառով, այսինքն` ցամաքը երևաց: Երևանը գտնվում է Արարատ բիբլիական լեռան դեմ դիմաց, այն հատվածում, որտեղ այսօր Հայաստանի Հանրապետությունն է:

Հազար ինը հարյուր քսան թվականից Հայաստանն իրեն հայտարարել է Սովետական և ապա մտել Սովետական Միության կազմի մեջ: Միության ինքնալուծարումից առաջ հայտարարել է այդ կազմից դուրս գալու և անկախ հանրապետություն հռչակելու մասին: Միութենական կազմից դուրս գալու մասին են հայտարարել նաև մյուս հանրապետություններն ու մի քանի ինքնավար միավորումներ: Սովետական Միության կազմում այլ հանրապետության տարածքին արհեստականորեն ու անարդարացի կցված հայկական Լեռնային Ղարաբաղը նույնպես անկախանալու և ինքնուրույն պետականություն ձևավորելու ժողովրդավար կամք արտահայտեց և իր պատմական հայրենիքում ստեղծեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հայաստանի հանրապետության բնակչությունը երեք միլիոնից քիչ ավելին է, աշխարհի տարբեր երկրներում ապրում է ևս յոթ միլիոն հայություն: Սփռվածության հիմնական պատճառն Արևմտյան Հայաստանում անցյալ դարասկզբին իրականացված  ոճրագործությունն է` ցեղասպանությունը, բնիկ ազգաբնակչության տեղահանումն ու ոչնչացման, հայրենազրկման Թուրքիայի պետական քաղաքականության իրագործումը:

Հայաստանն այսօր անկախ երկիր է, բազմաթիվ պատմական հուշարձաններով, շնորհաշատ երիտասարդներով, որոնք ամուր թելերով կապված են աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայրենակիցների հետ, միջազգային կազմակերպությունների, մշակութային և սպորտային կարևորագույն մրցաշարերի մասնակիցներ ու նաև հաղթողներ են: Շախմատի Հայաստանի հավաքականն աշխարհի եռակի չեմպիոն է:

Հայաստանն առաջինը պետականորեն քրիստոնությունն ընդունած երկիրն է: 301 թվականից առ այսօր Հայ եկեղեցին իր շուրջն է հավաքել հայությանը` տևական ժամանակ փոխարինելով պետականությանը:

Սրտաբաց ու հյուրընկալ մարդիկ են հայերը: Միմյանց դիմելիս հաճախ են օգտագործում ջան փաղաքշական արտահայտությունը, որը թարգմանաբար նշանակում է հոգի, անձ, շունչ: «Ցավդ տանեմ» արտահայտությունը (Cavt tanem) дословный перевод – «заберу твою боль с собой», переносный – «разделю твою боль и горе». ) օգտագործում են, երբ մեկից մի բան են խնդրում  կամ արտահայտում են իրենց սերը: Ուրիշ ոչ մի լեզվում չկա այս արտահայտությունը, ու սա լիովին բնորոշում է օտարի հանդեպ միշտ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող, իր վերջին պատառ հացը կողքինի հետ կիսող հային: Շնորհակալ սիրտ ունեցող ժողովուրդ է, նենգությունը բնորոշ չէ հայերին: Հիշաչար չեն, բայց արդարությունը վերականգնելու համար մինչև վերջ գնացող մարդիկ են: Սիրում են իրենց լեզուն` հայերենը, որն անվանում են նաև աղոթքի լեզու: Հայերենն ամենահին լեզուներից մեկն է աշխարհում, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:

Աշխարհի որ ծայրում էլ ապրեն, անպայման իրենց շուրջ ստեղծում են մի կտոր Հայաստան` Արարատ լեռան պատկեր, խաչքար, հայկական գորգ-կարպետ և իհարկե` հայերենով Աստվածաշունչ:  Օտարի մեջ միշտ փնտրում են հայի աչքերով մարդու, ուրախանում են, երբ գտնում են, հպարտանում են, երբ  հայտնի մարդու մեջ հայկական արմատներ են տեսնում: Քարերի երկիր Հայաստանում հայերը մշակում են իրենց քարը` հայկական տուֆը, որն աշխատանքի մեջ փխրուն է, բայց քամու դեմ դիմացկուն: Հաճախ հայ ժողովրդի բնավորությունը նույնացնում են նույն տուֆ քարի հետ` փխրուն սիրտ ունեցող, բայց դժվարություններին դիմակայող: