Մեղվաբուծության զարգացում Տավուշի մարզում

Հայաստանում շատ գյուղեր իրար այնքան մոտ են գտնվում, որ հարևան գյուղի սահմանը կարող է անցնել քո պատի կողքով: Հեռու գյուղերի սահմաններն էլ հարաբերական են դառնում, որովհետև կա սահման թե ոչ, միևնույն է, մարդիկ ապրում են նույն, հաճախ անսահման մեծ հոգսով: Տավուշի մարզի Աղավնավանք և Խաչարձան գյուղերում հաստատվել են 1988-1990-ական թվականներին Ադրբեջանից փախած բազմաթիվ ընտանիքներ, որոնք ապրում են լքված, կիսավեր տներում: Տուն-տեղ կորցրած մարդիկ նոր բնակատեղիին հարմարվելու, աշխատանք գտնելու, բարոյահոգեբանական բազմաթիվ խնդիրներ ունեին լուծելու։ Հողագործությամբ ու անասնապահությամբ շատերը չէին կարողանում զբաղվել. մեծ մասն ապրել էր քաղաքի պայմաններում և գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվելու ոչ հմտություններ ունեին, ոչ էլ` միջոցներ: Ցուցաբերված օգնություններով հազիվ գոյատևում էին: Խաչարձանն ունի 106 տնտեսություն, այստեղ մոտ 40% -ը խիստ կարիքավոր ընտանիքներ են: Աղավնավանք գյուղն ունի 302 բնակիչ, 98 տնտեսություն: Նույն պատկերն է:
Հողագործությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմաններ չկան. հողերն անջրդի են, ոռոգման ջրագիծ էլ գյուղերը չունեն:
Այստեղ կլիման և շրջակա բնությունը թույլ են տալիս զարգացնել մեղվաբուծությունը, սակայն այս ընտանիքները չէին կարողանում զբաղվել նաև մեղվաբուծությամբ, քանի որ չունեին ո՛չ գիտելիքներ, ո՛չ էլ գումար՝ մեղվաբուծության համար փեթակներ, մեղվաընտանիքներ և այլ անհրաժեշտ իրեր գնելու համար։
Երկու գյուղերն էլ շրջապատված են անտառներով, ծաղկաշատ մարգագետիններով, իսկ մեղվաբուծության զարգացման համար սա հիմնական նախապայմանն է: Այսպիսի բնության մեջ ստեղծված մեղրն էկոլոգիապես մաքուր է և շատ առողջարար: Գյուղում շատերն էին ցանկանում զբաղվել մեղվաբուծությամբ, քանի որ հասկանում են, որ այսպես կարող են զարգացնել իրենց տնտեսությունը, եկամուտ ունենալ, բայց ինչպե՞ս: Մեղվաբուծությունը գյուղատնտեսության այն ճյուղերից է, որը գումարային ներդրումից բացի, ինչն այս գյուղի բնակիչների հնարավորություններին չի համապատասխանում, պահանջում է նաև անհրաժեշտ գիտելիքներ և պրակտիկ աշխատանք: Այս փախստական ընտանիքներն իրենց ծննդավայրում, հիմնականում զբաղվել են ոչ գյուղատնտեսական աշխատանքներով. նրանցից մեկն ինժեներ է, մեկը՝ շինարար, մեկն էլ՝ լեզվաբան: Հիմնադրամը, գյուղերում մարդկանց խնդիրներին ծանոթանալուց հետո, սննդօգնության աջակցության ծրագրից բացի մշակեց և սկսել է իրականացնել մեղվաբուծության զարգացման ծրագիր: Նախ ընտանիքները պետք է սովորեին մեղվաբուծության հմտությունները, այնուհետև ունենային մեղվափեթակներ և մեղվաբուծության համար անհրաժեշտ իրեր: Հիմնադրամը զարգացման ծրագրով յուրաքանչյուր գյուղի տրամադրեց 20-ական մեղվափեթակ, որոնք նախատեսված էին գյուղերի անապահով 4 ընտանիքների համար (ամեն ընտանիքի` 5-ական փեթակ) դրա հետ մեկտեղ՝ անհրաժեշտ գլխարկներ, ծխարարներ, քերիչներ, մեղր քամող մեքենա, նաև մեղուներին սկզբնական շրջանում պահելու համար շաքարավազ: Այս մեղվափեթակների համար երկու գյուղերի գյուղապետերը տրամադրեցին տարածքներ, որտեղ տեղադրվեցին փեթակները: Խաչարձան գյուղում ապրում է փորձառու մի մեղվաբույծ, նա պատրաստակամորեն օգնում է սկսնակներին։ Ծրագիրը սկսելուց մեկ տարի անց, երկու գյուղերի այս տասը ընտանիքները կունենան իրենց մեկ տարվա համար անհրաժեշտ մեղրը, և նրանք պարտավորվում են նաև ավելացնել յուրաքանչյուր գյուղը 4-ական փեթակ, ընդհանուր առմամբ` 8 փեթակ, և այս 8 փեթակն էլ կտրամադրեն իրենց հարևանությամբ գտնվող, կրկին սոցիալապես խիստ կարիքավոր Հովք համայնքին: Այսպես տարածքում կզարգանա մեղվաբուծությունը, ինչը կօգնի մարդկանց եկամուտ ունենալ, տնտեսություն ստեղծել և, ինչու ոչ, ամենից կարևորը, իրենք էլ կօգնեն իրենց հարազատին, իրենց հարևանին: Մեղվափեթակները տարիների ընթացքում կշատանան, ընտանիքներին սա լուրջ օգնություն կլինի, մյուս կողմից էլ տարիների ընթացքում կավելանան շահառուները, կարիքավոր շատ ընտանիքներ դուրս կգան սոցիալական ծանր պայմաններից:
Ծրագիրը սկսել ենք երկու գյուղի համար, իսկ ինքնաֆինանսավորման շնորհիվ այն ընդգրկում է նաև երրորդ գյուղը: