Հույսի Ավան

Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շինարարական տարբեր ծրագրեր` սոցիալապես անապահով ընտանիքների բնակության վայրերի, դպրոցների, մանկապարտեզների, բուժկենտրոնների հիմնավերանորոգում, կառուցում, ջրագծերի կառուցում, ինչպես նաև մի ամբողջ բնակելի թաղամասի կառուցում:
2001թ.-ից համագործակցելով ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի հետ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը կյանքի է կոչել «Հույսի Ավան» բարեգործական նախագիծը, որով նախատեսված էր 200 անապահով ընտանիքների համար կառուցել հույսի իրենց տունը: 2001թ.-ի օգոստոսի 6-ի կառավարության որոշմամբ՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին հատկացվեց 16 հեկտար հողատարածք Աշտարակի խճուղու հարևանությամբ: Ծրագրով նախատեսված էր բնակարաններից բացի «Հույսի Ավան»-ում կառուցել նաև միջնակարգ դպրոց, ուսումնարան` կից արտադրամասով, երկհարկանի վարչական շենք, համաբուժարան, առևտրի և ժամանցի կենտրոններ: Կարճ ժամանակ հետո այս տարածքում արդեն լսվում էր նախկինում անօթևան, հիմա արդեն իրենց բարեկեցիկ Ավանում ապրող երեխաների ուրախ աղմուկը: Նախատեսված 200 բնակարաններից կառուցվել է 78-ը: 78 բազմազավակ ընտանիքների 500 անդամներ այժմ ապրում են մշտական ջրով, ջեռուցմամբ, հեռախոսով և կենցաղում անհրաժեշտ կոմունիկացիայի բոլոր պայմաններով ապահովված բնակարաններում: Բնակարաններն ունեն նաև տնամերձ հողատարածք 400 քմ: Այգիները մշակելու և խնամելու համար թաղամասում անցկացվել է նաև ոռոգման ցանց, կատարվել են սիզամարգերի բարեկարգման և ցանկապատերի կառուցման, ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնադրամն ավարտին է հասցրել նաև վարչական շենքի, ուսումնարանի և կից արտադրամասի կառուցման աշխատանքները:
Մնացած աշխատանքներն ընթացքի մեջ են: