Կարի արտադրամաս Թալին քաղաքում

2014 թվականին Հիմնադրամի՝ Թալին հերթական այցելության ժամանակ կայացվեց այստեղ կարի փոքրիկ արտադրամաս բացելու որոշումը։ Բնակիչները չէին պատկերացնում, որ ծրագիրը կարճ ժամանակահատվածում իրականություն կդառնա։ Դարձավ՝ «Դիակոնիա» բ/հ-ի բարեկամ դոնորների աջակցության շնորհիվ: Թալին քաղաքի բնակիչների և անձամբ քաղաքապետի երազանքներից ամենամեծն արդեն իրականություն է դարձել` Թալինում բացվել է կարի փոքրիկ արտադրամաս, որը մեծ հեռանկար և լավ ապագա է խոստանում Թալին քաղաքին և թալինցիներին: Հիմնադրամն արտադրամասին տրամադրել է ժամանակակից կարի մեքենաներ, բարձրորակ կտորներ, թելեր։ Նոր մոդելի կարի մեքենաների հետ աշխատող մարդկանց համար անվճար կազմակերպել է մասնագիտական դասընթացներ։ Թալինցիները հաճախ են եղել հիմնադրամի տարբեր ծրագրերի շահառուներ, սակայն այս մեկը նրանց համար յուրահատուկ էր. մարդիկ կարողանում են աշխատել և իրենց աշխատանքի դիմաց վարձատրվել, իրենց ընտանիքների հոգսերը ինքնուրույն հոգալ: Ծրագիրը մեծ ոգևորություն է առաջացրել ոչ միայն Թալին քաղաքի բնակիչների մոտ, այլև Արագածոտնի մարզպետարանի բոլոր աշխատակիցների մոտ: Տեղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել օգնել արտադրամասին պատվերների և իրացման հարցում։ Օրինակ՝ 2015 թվականի մայիսի տասներկուսին արտադրամասի բացման արարողության օրը, Թալինի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, այստեղ գործող բանկերի կառավարիչները, ոստիկանապետը պատրաստակամություն են հայտնել իրենց աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ պատվիրել այս արտադրամասին: Սրանով կլուծվի արտադրամասի արտադրանքի իրացման խնդիրը, որը կապահովի մշտական եկամուտ` արտադրամասի աշխատակիցների աշխատավարձը վճարելու, արտադրամասի համար հետագայում հումք գնելու համար: Արտադրամասի աշխատակիցներն իրենց համար արդեն կարել են աշխատանքային համազգեստ։ Թալինի քաղաքապետը միացել է ծրագրի իրականացմանը. ծրագրվում է, որ կարի արտադրամասը ոչ միայն արտադրական կենտրոն դառնա, այլև արտադրությանը զուգահեռ գործի նաև ուսումնական կենտրոն: Այսինքն՝ այստեղ կարող են գալ կարուձև սովորել ցանկացողներ, և արտադրամասի կարող բանվորները նրանց կսովորեցնեն կարել: Դասընթացները կիրականացվեն անվճար հիմունքներով: Թալինցիները հավատում են, որ մի օր փոքրիկ արտադրամասը կմեծանա ու կդառնա մեծ ֆաբրիկա, այստեղ կլինի ոչ միայն արտադրություն, այլև ուսումնաարտադրական կենտրոն ոչ միայն Թալին քաղաքի, այլև ողջ մարզի համար: Սա՝ տեսանելի ապագայում, իսկ առաջիկայում նպատակ կա փոքրիկ արտադրամասի ստացած հասույթից միջոցներ տրամադրել արտադրամասի հարևանությամբ գործող մանկապարտեզի վերանորոգման գործին։ Թալինի կարի արտադրամասը փոքրիկ գործի մեծ շարունակություն է խոստանում։ Մարդկանց ոգևորությունն օր օրի աճում է, վարպետ-մասնագետներն աշխատանք գտնելու հույսով չեն լքի Հայաստանը, աշխատողները կունենան մշտական կանոնավոր եկամուտ, 10 աշխատողներին ժամանակի ընթացքում կմիանան ևս մի քանի տասնյակ մարդ։