Ծրագիր Լոռու մարզում

Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում: Իր մեծությամբ երրորդ մարզն է, բնակչությամբ զիջում է միայն մայրաքաղաք Երևանին: Մարզն ունի ինը քաղաք և 105 գյուղ: Հայաստանի այս հատվածը հայտնի է ոչ միայն իր պատմական հուշարձաններով, 10-րդ դարում կառուցված եկեղեցիներով, այլև իր գեղեցիկ բնությամբ, հարուստ անտառներով: Լոռու մարզ ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում, որոնք հիանում են ոչ միայն բազմադարյան եկեղեցիներով, այլև հրաշալի բնությամբ: Լոռի եկող զբոսաշրջիկն ասես դրախտում է հայտնվում, բայց այստեղ ապրող մարդիկ այնքան խնդիրներ ունեն, որ չեն էլ մտածում իրենց բնակության վայրի գեղեցկության և բնության հրաշքներով զմայլվելու մասին:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում ամեն ամիս այցելում ենք տարբեր բնակավայրեր, այդ թվում նաև Լոռի, հանդիպում ենք ծայրահեղ վատ պայմաններում ապրող ընտանիքներին, որոնք ունեն օգնության կարիք: Հազարավոր ընտանիքների համար արդեն իրականացրել ենք ծրագրեր, որոնք ֆինանսավորվել են հովանավորների կողմից: Շատերի համար լուծվել է հացի խնդիրը, երեխաներն ունեն նոր հագուստ, նոր և վերանորոգված տներում են ապրում, սակայն այս ամեն ինչի հետ մեկտեղ կարևոր է ևս մեկ խնդիր` երեխաներին ուրախ օր, ժամանց և վերջապես անհոգ մանկություն ապահովելը: Ստամոքսը կուշտ երեխան կարիք ունի նաև հանգստի, մանուկների համար կազմակերպված ժամանցի, որտեղ ինքը ոչ միայն կհանգստանա, նոր տպավորություններ կհավաքի, այլ մասնագետների օգնությամբ շատ նոր բաներ կսովորի` երգել, պարել, նկարել, ձեռագործ աշխատանքներ կատարել: «Դիակոնիա» բ/հ-ը նաև նմանատիպ ծրագրերն է շատ կարևորում, քանի որ սոցիալապես վատ պայմաններում ապրող երեխաներն իրենց մութ ու մռայլ կյանքում ավելի շատ կարիք ունեն պայծառ, մանկական առօրյայի, որից նրանք, ցավոք, զրկված են: Բազմաթիվ երեխաների ենք հանդիպում, ովքեր մեզ ասում են, որ երազում են ամռանը մի որևէ տեղ գնալ, բնության գրկում հանգստանալ, մաքուր օդ շնչել, սակայն շատ դժվար է ապահովել սա, քանի որ Հայաստանում հանգստյան տները, ճամբարներն այնքան թանկ են, որ միջին պայմաններում ապրող մարդիկ չեն կարողանում իրենց թույլ տալ նման հանգիստ, իսկ սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանքիները դրա մասին նույնիսկ չեն էլ մտածում:
Աղքատ ընտանիքում մեծացող երեխաներին զուգահեռ Հայաստանում շատ վատ է սոցիալապես անապահով և միայնակ ծերերի վիճակը: Նրանց թիվը գնալով ավելանում է: Սրա հիմնական պատճառը արտագնա աշխատանքի մեկնողների թվի աճն է: Ընտանիքի երիտասարդ անդամները մեկնում են արտերկիր աշխատանք գտնելու, իսկ ծերերը մնում են Հայաստանի իրենց տներում միայնակ: Արտերկիր աշխատանքի հույսով մեկնածներից ոչ բոլորն են աշխատանք գտնում, չեն կարողանում այնտեղ գումար վաստակել, հետևաբար չեն կարողանում նաև ֆինանսապես օգնել Հայաստանում մնացած ընտանիքի ծեր անդամին: Ծերերը չեն կարող այստեղ որևէ կերպ գումար վաստակել և մնում են իրենց շատ ցածր թոշակի հույսին: Թոշակով ապրելը շատ դժվար է հատկապես ձմռանը, երբ սնունդ գնելուց բացի պետք է վճարել նաև կոմունալ վարձերը, հատկապես գազի վճարը` տունը տաքացնելու համար: Ցավալի փաստ է, բայց գազը Հայաստանում արդեն մի քանի ամիս է 50%-ով թանկացել է: Միայնակ և անօգնական այս ծերերը դատարկ, շատ հաճախ ցուրտ և սոված օրեր են անցկացնում: Շատերին, երբ հանդիպում ենք, ասում են` երբ եմ մեռնելու-պրծնեմ էս դժվար կյանքից: Շատերը իսկապես սպասում են իրենց վերջին, որպեսզի ազատվեն երկրային դժվարություններից և տանջանքներից: Հավանաբար կմտածեք, իսկ ինչո՞ւ այդ ծերերին չեն տանում ծերանոց: Հայաստանում չեն գործում ծերերի խնամքի և ժամանցի կենտրոններ, որտեղ ծերերը կանցկացնեն իրենց օրը, կսնվեն, կտաքանան ձմռան ցուրտ օրերին: Հայաստանի երեք խոշոր քաղաքներում կան ծերանոցներ, որտեղ ապրում են այն ծերերը, ովքեր բնակության տեղ չունեն: Այս ծերանոցներ դիմողների թիվն էլ այնքան մեծ է, որ այլևս չեն կարողանում նորերին ընդունել. Շենքային պայմանները սահմանափակ են: Միայնակ ծերերի թիվը ավելի մեծ է մարզերում, քանի որ մարզերից ավելի շատ են մեկնում աշխատանք փնտրելու: Օրինակ` Լոռու մարզի Թումանյան քաղաքում 2000 բնակիչ է ապրում, որից 80-ը միայնակ ծերեր են, իսկ պատկերացրեք ի՞նչ մեծ է նրանց թիվը 290 000 բնակիչ ունեցող Լոռու մարզում:
Այս բոլոր կարիքները գնահատելով Հիմնադրամը որոշում կայացրեց գնել որևէ շենք, վերանորոգել, կահավորել և երեխաների ու ծերերի համար ամառային ճամբար, ժամանցի և ուսուցողական կենտրոն բացել: Այս կենտրոնի համար ամենակարևորը շենք ունենալն էր: Երկար չփնտրեցինք, քանի որ այս գաղափարը լսելով Լոռու մարզի Թումանյան քաղաքի քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց օգնել մեզ շենքի հարցում: Քաղաքում կար մի շենք, որը նախկինում մանկապարտեզ էր եղել, որը հիմա չի գործում: Շենքի մի կեսը տարիներ առաջ սեփականաշնորհել էին երկու բնակիչներ, իսկ մյուս կեսը գտնվում է քաղաքապետարանի տնօրինության տակ: Այն հատվածը, որը գտնվում է քաղաքապետարանի տնօրինության տակ, քաղաքապետը մեծ սիրով նվիրատվություն է անում Հիմնադրամին: Ստացել ենք նաև բնակիչներից մեկի համաձայնությունը մատչելի գնով իր մասը Հիմնադրամին վաճառելու համար: Քանի որ շենքը նախատեսված էր մանկապարտեզի համար, այն շատ հարմար էր օգտագործել որպես երեխաների և մեծերի հանգստի ու ժամանցի կենտրոն: Երկրաշարժից հետո կառուցված այս շենքը միայն վերանորոգման և կահավորման կարիք ունի:
Իհարկե, շենքային պայմաններն ապահովելուց հետո կենտրոնին անհրաժեշտ են մանկավարժներ` երեխաների հետ զբաղվելու համար, նաև հոգեբաններ և բուժքույրեր` ծերերի հետ աշխատելու համար: Սա էլ երրորդ խնդիրն է, որը լուծում կստանա այս ծրագրի շնորհիվ: Լոռու մարզում ընդհանրապես և Թումանյան քաղաքում մասնավորապես, մեծ է գործազուրկների թիվը: Այս կենտրոնը բացելուց հետո կարող է աշխատանք գտնել անգործության մատնված մոտ մեկ տասնյակ մարդ, հատկապես կանայք կստանան աշխատանքի հնարավորություն: Գնալով ավելացող գործազրկությունը նպաստում է աղքատության թվի աճին, իսկ եթե մարդն ունենա աշխատանք, կկարողանա գոհալ իր կարիքները: Այս ծրագիրը մի կողմից ապահովում է երեխաների հանգիստը, մյուս կողմից` անօգնական և միայնակ ծերերի խնամքը, և երրորդ` աշխատանք է ապահովում տասը գործազուրկ և եկամուտից զրկված կանանց համար:

Վերջապես կարողացանք ավարտին հասցնել մի կարևոր ծրագիր, որն իրականացվել էր ոչ թե մեկ, տասը, այլ մի քանի հարյուր անապահով ընտանիքների համար: Խոսքը Լոռու մարզի Թումանյան քաղաքում կառուցված սոցիալական աջակցության կենտրոնի մասին է:
Լոռու մարզի Թումանյան քաղաքը գտնվում է Երևանից 150 կմ հեռավորոթյան վրա: Շուրջբոլորը անտառներ են, գեղեցիկ բնություն: Տեղանքը շատ հարմար է առողջության պահպանմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար: Այստեղ շատ են անապահով ընտանիքները, որոնք օրվա հացի խնդիր ունեն: Նրանց մեջ շատ են հատկապես միայնակ ծերերը, որոնք նաև խնամքի կարիք ունեն: Մյուս կողմից էլ Հիմնադրամն ամսական բազմաթիվ դիմումներ է ստանում անապահով ընտանիքների երեխաներից, որոնք ցանկանում են իրենց ամառային հանգիստն անցկացնել առողջարանային որևէ վայրում: Այստեղից առաջացավ գաղափարը` ունենալ մի այնպիսի տարածք, որտեղ տարբեր ժամանակներում հնարավոր է իրականացնել այս երկու ծրագրերը: Դիմեցինք մի քանի քաղաքապետերի խնդրանքով` ունե՞ն այնպիսի տարածք, որը հնարավոր է նվիրաբերել Հիմնադրամին` ծրագրի իրականացման համար: Թումանյանի քաղաքապետից արձագանք ստացանք: Պարզվեց, որ իսկապես համայնքում կա այդպիսի շենք, որը նախկինում ծառայել է որպես մանկապարտեզ: Խորհրդային Միության փլուզումից հետո այս շենքը չի օգտագործվել և օր օրի քանդվում էր: ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն`Հիմնադրամը պետությանը փոխանցեց շենքի կադաստրային արժեքի որոշակի տոկոս և որպես սեփականություն այս շենքը հատկացվեց «Դիակոնիա-Հայաստան» հիմնադրամին: Դրանից հետո սկսվեցին հիմնանորոգման աշխատանքները: Նշում ենք հիմնանորոգում, քանի որ այստեղ հիմքից ամբողջությամբ ամեն ինչ փոխվել է, խողովակներն արդեն փտել էին, դռներն ու պատուհանները ջարդված էին, նույնիսկ պատերի վրա մեծ-մեծ ճաքեր կային:
Սակայն այսօր, երբ մտնում ենք շենք, նույնիսկ մենք` աշխատողներս, հաճախ մոռանում ենք, թե այն ինչպիսի տեսք ուներ նախկինում: Հովանավորների աջակցությամբ կարողացել ենք այն նորոգել, և 2016 թվականի ամռանն այն արդեն սկսեց ծառայել իր նպատակին: Այստեղ իրականացվեց ամառային ճամբար ծրագիրը, որի արդյունքում 30 երեխա կարողացավ լիարժեք հանգստանալ և վայելել ամառային օրերը: Նախատեսում ենք շարունակել այստեղ իրականացվող ծրագրերը, ինչի արդյունքում կկարողանանք ծրագրի մյուս մասն էլ` ծերերի խնամքին ուղղված ծրագիրն իրականացնել: