Խմորեղենի արտադրամասի հիմնում

Աղնջաձորը Երևանից մոտ 200 կմ հեռավորության վրա է գտնվում։ Հայաստանի մյուս գյուղերից շատ չի տարբերվում՝ նույն միապաղաղ առօրյան, աշխատանքի բացակայություն, արտերկրում աշխատանք փնտրող տղամարդկանց փոխարեն տան գլխին կանգնած հոգսաշատ կանայք, անօգնական ծերեր։ Հիմնադրամը ծրագիր էր մշակել Աղնջաձորում խմորեղենի արտադրամաս բացել։ Բնակիչներն այս լուրը խանդավառությամբ ընդունեցին։ Գյուղապետը տրամադրեց վերանորոգված արտադրամասի տարածքը, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն ապահովեց արտադրամասի աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ վառարաններ, սառնարան, խմորեղեն թխելու համար անհրաժեշտ մանր գործիքներ, ամաններ և նախնական արտադրանքի համար անհրաժեշտ հումք։ Ծրագիրը նախապես կազմել էինք գյուղում ապրող կանանց համար, սակայն ծրագրի ոգևորությունն այնքան մեծ էր, որ նաև տղամարդիկ ներգրավվեցին այս գործում: Արտադրամասն աշխատում է։ Բացի խմորեղենից այստեղ նաև շատ համեղ հաց և հայկական ավանդական լավաշ են թխում, ամեն ինչ վաղուց մոռացված ավանդական բաղադրատոմսերով են պատրաստում: Կարևոր մի հանգամանք էլ կա՝ արտադրամասի արտադրանքը պատրաստվում է միայն տեղական, էկոլոգիապես մաքուր հումքից։ Տասը մարդ աշխատատեղ ունի, անասնապահությամբ զբաղվող հարևաններն էլ իրենց մածունն ու կաթը, հավկիթը վաճառելու մշտական գնորդն ունեն։ Գյուղապետն ամեն ինչ անում է, որպեսզի ապահովի պատվերների քանակը։ Նպատակ ունեն արտադրանքն իրացնել ոչ միայն իրենց գյուղում, այլև հարևան գյուղերում և քաղաքներում։
Գործող արտադրամասն ունի նաև հեռանկարային ծրագիր՝ միջոցներ են կուտակում առաջիկայում առաքման սեփական ավտոմեքենան գնելու համար։ Տնտեսությունն աշխատում է, մարդկանց օրն աշխատանքի ուրախությամբ է լցվում, ուրախանում են և՛ արդյունքներով, և՛ այն օգնությամբ, որն արդեն իրենք են ծրագրել իրականացնել՝ գյուղի դպրոցին և մանկապարտեզին ամեն օր թարմ կարկանդակներ հասցնել։
Այս ծրագրով «Դիակոնիա» բ/հ-ի հովանավորների աջակցության շնորհիվ ևս մեկ բնակավայրում ևս մեկ արտադրություն բացվեց, որը տասը ընտանիքի մշտական եկամուտի հնարավորություն տվեց, նրանց հարևաններին՝ մշտական պատվերներ, իսկ գյուղին՝ անհեռանկար ապագայից չբողոքող, իրենց աշխատանքի պտուղները վայելող գյուղացիներ։