Գետիկ գյուղի ջրագծի վերանորոգում

Ճամբարակի շրջանի Գետիկ գյուղի գյուղապետը Հիմնադրամին դիմել էր գյուղում խմելու ջրի ջրագիծը վերանորոգելու խնդրանքով: Այս մարզում տարբեր ծրագրեր իրականացնելիս Գետիկ գյուղում մենք ականատես էինք եղել այն փաստին, որ ծորակից եկող ջուրը պղտոր է, հատկապես երբ օրն անձրևոտ է լինում: Այստեղ ընտանիքներին հասնում է լեռների աղբյուրներից եկող խմելու ջուր, բայց այն ճանապարհը, որ անցնում է ջուրը, մեզ թույլ չէր տալիս ասել, որ այն մաքուր է և անվտանգ օգտագործման համար: Սակայն Գետիկում ապրող մարդիկ օգտագործում էին հենց այդ ջուրը, քանի որ չունեին որևէ այլընտրանք, ջուրը բնակիչներին հասցնող խողովակները նույնիսկ ոռոգման ջրի համար պիտանի չէին: Այս խողովակները կառուցվել են 40-50-ական թվականներին, կես դարից ավել ծառայել էին, բայց ամբողջ խողովակաշարն արդեն կոռոզիայի էր ենթարկվել, անցքեր էին բացվել խողովակների վրա, որտեղից էլ ամբողջ կեղտը լցվում էր խմելու ջրի խողովակների մեջ և այդպես կեղտոտ գալիս, հասնում բնակիչներին: Բնակիչները այս ջուրը խմում էին, օգտագործում տարբեր կենցաղային նպատակներով: Հասկանում էին, որ այն վտանգավոր է իրենց առողջության համար, սակայն այլ տարբերակ չունեին, ջրի այլ աղբյուր այս գյողում չկար, ի՞սկ եթե հանկարծ համաճարակ սկսվեր…
Գյուղապետարանը միջոցներ չուներ ջրագծերը փոխելու համար: Գյուղի բնակիչներով պատրաստ էին ինքնուրույն փոխել խողովակները, սակայն շինարար-մասնագետները նշում էին, որ այս տարածքն այնպիսին է, որ հնարավոր չէ միայն բնակիչների ջանքերով ամբողջ խողովակաշարը փոխել: Այսինքն` բացի խողովակներից, քանի որ ջրագիծը անցնում է լեռների միջով, այստեղ հատուկ տեխնիկա էր պետք, որպեսզի աշխատանքներն իրականացվեին: Նմանատիպ տեխնիկայի վարձակալությունը բավական թանկ արժե. տեխնիկան ժամավճարով է աշխատում: Այս աշխատանքը առանց հովանավորների օգնության հնարավոր չէր իրականացնել: «Դիակոնիա» բ/հ-ը չանտեսեց դիմում-խնդրանքը և «Մենսենքինդերեն» հիմնադրամի օգնությամբ իրականացրեց շինարարական ծրագիր: Անհրաժեշտ էր փոխել ամբողջ խողովակաշարը: Ինչպես նախատեսված էր ծրագրով, շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ մեծ օգնություն ցուցաբերեցին գյուղի տղամարդիկ` ապահովելով բանվորական ուժը, բայց այստեղ կարևոր էր նաև տեխնիկայի առկայությունը, հողի փորման աշխատանքները պետք է կատարվեին համապատասխան տրակտորով: Բարեբախտաբար, ոչ եղանակը, ոչ որևէ այլ գործոն չխանգարեցին մեր աշխատանքներին և մենք կարողացանք այս տեխնիկան տեղափոխել սարեր, որտեղ պետք է փորվեր հողը: Արդյունքում ունեցանք 432մ փոխված խողովակաշար, դրանից 250 մետրը ջրամբար մտնող խողովակներն են, 180 մետրը` ջրամբարից դուրս եկող: Սրանք խողովակաշարի հենց այն հատվածներն էին, որոնք ենթարկվել էին կոռոզիայի ու վնասվել: Այժմ էլ ոչ մի անցք չկա ջրատար խողովակների վրա, հետևաբար` Գետիկ գյուղ մտնում է միայն մաքուր ջուր:
Այս ծրագրի իրականացումը մեծապես փոխեց Գետիկ համայնքի բնակիչների կենցաղը` նրանց ապահովելով խմելու համար պիտանի ջրով, ինչպես նաև նպաստելով մի ամբողջ գյուղի բնակիչների առողջության պահպանմանը: