Շնորհավոր Սուրբ Զատիկ

Զատիկ նշանակում է անցում չարչարանքներից, զատում մեղքից, անցում չարից դեպի բարին, պակասությունից` լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք: Այս տոնը մտորելու, իրական ապաշխարության օր է: Ձեր սեղանները կարող են ծփալ ուտելիքի առատությունից, շքեղ հագուստներ կրեք, երգ ու երաժշտություն հնչի ամենուր, և նույնիսկ ծաղիկներով շրջապատված լինեք, բայց սա չէ Սուրբ Զատիկի ուրախությունը. Սուրբ Զատիկի ուրախությունն այն հարցն է, որը ամեն մեկս պետք է տանք նախ և առաջ ինքներս մեզ` արդյո՞ք մեր մեջ Քրիստոսը հարություն առավ, արդյո՞ք մենք զատվեցինք մեր մեղքերից, արդյո՞ք մենք ապաշխարեցինք: Հիշենք, որ Աստված Իր միակ Որդուն զոհեց, որ մենք վերստին ծնվելու հնարավորություն ունենանք, որ մենք զատվենք մահվան անեծքից, որ հարության հնարավորություն ունենանք: Ուզում եմ, որ այսօր, երբ իրար`«Քրիստոս հարյավ ի մեռելոց» ասենք ու պատասխան ստանանք` «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի», մի պահ մտածենք` արդյո՞ք մեր սրտերում Քրիստոսը հարություն առավ:
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, թող յուրաքանչյուրիս սրտում Տերն իսկապես կենդանի լինի:

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ՝ Բարույր Ջամբազյան