Շնորհավոր Ձեր տոնը սիրելի փոքրիկներ

Երեխայի աչքերի մեջ աշխարհն է երևում` իր աշխարհը, երջանիկ, երբեմն էլ տխուր ու սոված աշխարհը: Ինչ տարիքի էլ լինի, ինչ ազգության ու ռասսայի, նա երեխա է ու մշտական հոգածության, գուրգուրանքի և սիրո կարիք ունի:

Ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքը, եթե մեր կողքին չլինեին ուրախ, աղմկոտ, երբեմն` կամակոր, բայց միշտ անմիջական, անկեղծ ու արդար այս արարածները: Կյանքն անգույն կլիներ, մարդիկ` անսիրտ, ապագան` իմաստազուրկ, որովհետև նրանք մեր ներկան ու ապագան են, մեր բոլոր գործերի շարունակողները, մեր թողածի ժառանգորդները: Նրանց հետ են կապված ծնողի բոլոր երազանքները, հանուն նրանց պատրաստ ենք նույնիսկ անկարելիին: Այսպիսի երեխաները երջանիկ երեխաներ են: Մեր կողքին ապրում են նույն իրավունքներով, նույն պահանջմունքներով հազարավոր երեխաներ, որոնք զուրկ են ջերմ վերաբերմունքից, ծնողական սիրուց, կուշտ փորով գիշերը խաղաղ լուսացնելու բնական պահանջից: Մեր գործունեության տարիների ընթացքում հանդիպել ենք հազարավոր այդպիսի երեխաների, որոնց համար մանկությունը, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով, ավարտվել է դեռ չսկսված, շատերն էլ անտեսված  են ու լքված:  «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կարևորագույն  առաքելությունն այսպիսի երեխաների առօրյան, կյանքը գունավոր դարձնելն է, նրանց հոգատարությամբ, սիրով շրջապատելն է, վստահություն ու ավելի լավ կյանքի հույս ներշնչելն է, նրանց կարիքներն ինչ-որ չափով լրացնելն է: Պաշտպանել երեխային նախևառաջ նշանակում է անտարբեր չլինել նրա գոյության  հանդեպ, կարողանալ լսել նրան, հասկանալ: Կան ընտանիքներ, որտեղ երեխան ամեն ինչ ունի, ընտանիքներ կան, որտեղ ամեն ինչ ասվածը փոխաբերական է. ամեն ինչը վերաբերում է նախ հոգևոր արժեքներ սերմանելուն ու այս հիմքով արժեհամակարգ ձևավորելուն: Կան այլ պայմաններում ապրող երեխաներ, որոնք  մտածում են` ինչո՞ւ է այսպես, երևի ես ինչ-որ բանով մյուսներից լա՞վը չեմ ու չեմ կարող լինել նրանց նման: Այստեղ է, որ նրանց կողքին պիտի լինեն օգնող, հոգատար մարդիկ: Այսպես մտածող աշխարհի բոլոր երեխաներին չենք հասնի, բայց մեր Հիմնադրամը ՀՀ և ԼՂՀ-ում կարիքավոր երեխաների կողքին է` շնորհիվ մեր հովանավորների ու նաև այն մարդկանց, ովքեր երեխային օգնելու հարցում հարազատ ու օտար չեն դասակարգում:

Երեխաների իրավունքների ու նրանց պաշտպանության մասին խոսելիս միշտ պետք է հիշենք, որ երեխան ընտանիք ունենալու իրավունք ունի, սա ոչ միայն իրավունք է, այլև հիմնական պահանջմունք, որից էլ բխում են նրա մնացած բոլոր իրավունքները: Երեխաների իրավունքները հստակ շարադրված են օրենքով, բայց կա մի օրենք, որը շարադրանքի կամ պարտադրանքի կարիք չունի` Երեխաները պետք է ունենան ուրախ, խաղաղ, անհոգ ու լիարժեք մանկություն:

 

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ` Բարույր Ջամբազյան