Շնորհավոր Ամանոր

Նոր տարին դիմավորելիս բոլորս մի պահ մտածում ենք` ի՞նչ ենք արել անցնող տարում: Մենք հաշվետու ենք դառնում նախ` մեր խղճի առաջ, հետո մեր կողքի մարդկանց: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի աշխատանքները տարվա կտրվածքով ամփոփելիս վստահ կարող ենք ասել` գործ արել ենք, մեր ծրագրերով օգնել ենք մեր շահառուներին, ու այդ օգնությունը շարունակական է լինելու, բայց դեռ շատ բան ունենք անելու: Խղճի առաջ հաշվետու լինելու առումով ` ասենք, որ հանգիստ չենք կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ մեր շահառուների համար կարիքը հոգեբանություն է: Մենք նրանց ոչ միայն «ձուկ» ենք տալիս, այլ նաև «կարթ», որպեսզի կարողանան ինքնուրույն ձուկ որսալ:
Ուզում ենք, որ նոր տարին արժանապատիվ որոշումների տարի լինի բոլորիս համար, որ ոչ մի տեսակի կարիք չկարծրացնի մեր սիրտը, անտարբեր չդառնանք ուրիշի կարիքի հանդեպ, որ զոհաբերող սիրտ ունենանք ու տանք ոչ թե մեր ավելցուկից, այլ մեր բաժնից: Ուզում ենք, որ Աստծո Արքայությունը գա բոլորիս ընտանիքներում, աստվածային ագապեով լցվենք մեկս մյուսի հանդեպ: Ուզում ենք, որ հայկական ընտանիքներում պահպանվի ավանդույթի ուժը, զավակների մեջ ծնողների հանդեպ սերն ու մեծարանքը չպակասի, որ որոշումներ կայացնելիս առաջնորդվենք այն սկզբունքով, որ ինչ ցանենք, այն էլ կհավաքենք: Ուզում ենք, որ մեր Հայաստան աշխարհում խաղաղություն լինի, զինվորն ապահով լինի, իսկ զինվորին սպասողը՝ հանգիստ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: