Շնորհավորում եմ տոնդ, Հա՛յ Զինվոր

Կան արժեքներ, որոնց մասին խոսելիս հպարտությունդ ու հուզմունքդ միախառնվում են: Հպարտանում ես, որովհետև ունես Ազգային բանակ, հուզմունքդ խեղդում է կոկորդդ, երբ հիշում ես` որքան թանկ ենք վճարել այդ Բանակն ունենալու համար: 25 տարի հետո վերաբերմունքը չի՛ փոխվում, հպարտության զգացողությունը չի՛ պակասում:
Հիշում եմ, երբ 1989-ին Գերմանիայից առաջին անգամ եկա Հայաստան, երբ անցա Հայաստանի սահմանը, ամբողջ մարմնովս դող անցավ. ես իմ Հայրենիքում էի: Էմոցիոնալ պոռթկում չէր դա. ամեն օր դրանում համոզվելու հնարավորություն ունեմ: Ես հասկացա` որտեղ էլ ապրի հայը, եթե իր հողում չէ, հայրենիք չունի. գուցե ունի բարեկեցիկ կյանք, լավ վաստակելու հնարավորություն, նույնիսկ դիրք, բայց չունի կարևորը` կապ իր արմատի հետ: Հայոց բանակում չեմ ծառայել հասկանալի պատճառով, բայց իմ կյանքով ու գործով փորձում եմ հնարավորինս լրացնել դա: Համոզված եմ, որ նաև իմ երեխաները, երբ մեծանան բանակի կողքին են լինելու, այն զինվորի ու սպայի, որոնց պատիվ է ընձեռվել կոչվելու հայ զինվոր, սպա, հրամանատար: Գիտե՛մ, կան խնդիրներ, կան դժվարություններ, նաև շատ ցավալի պատմություններ, բայց անկախությունը թանկ է, վճարվող գինն էլ` անգին: Այսօր մի ամբողջ ժողովուրդ, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բոլոր ծայրերում ապրող մեր հայերը, Հայոց բանակում ծառայող զինվորին օրհնության խոսքեր են ուղղում՝ մաղթելով խաղաղ ծառայություն: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի, անձամբ իմ և իմ ընտանիքի անունից ասում եմ` Աստված քեզ պահապա՛ն, հա՛յ զինվոր, հոգիդ աննկուն, կամքդ անկոտրուն. քեզ ապավինում է ողջ հայ ժողովուրդը աշխարհի տարբեր ծայրերից: Հիմնադրամն իր գործունեության տարիների ընթացքում մեր երկրի հզորացման գործում ծրագրեր է իրականացնում ՀՀ մի շարք մարզերում և ԼՂՀ-ում։ Օգնությունը չափի առումով իհարկե լինում է մեծ կամ փոքր, բայց փոքր թվացող նպատակային օգնությունը կարճ ժամանակ հետո կարող է մեծ գործերի սկիզբ դառնալ։ Հատկապես զարգացման ծրագրերը շատ կարևոր են Արցախի համար։ Սահմանամերձ գյուղերն ու քաղաքները մենք բոլորս պիտի շենացնենք, մարդիկ պետք է աշխատեն, վարեն, ցանեն, կառուցեն, այդ շեներից պետք է հարսանիքի ուրախության ձայներ տարածվեն, շատ երեխաներ ծնվեն։ Մեր երկրի տերը մենք ենք, սահմանն էլ մեր իրավունքն է, որը պետք է ամեն օր պաշտպանենք։
Զինվոր դաստիարակող սիրելի՛ մայրեր, հարգելի՛ քույրեր, շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի օրվա առիթով, խոնարհվում եմ Ձեր գթասրտության, Ձեր համբերության առաջ: Զինվորին սպասող հարգելի՛ աղջիկներ, շնորհավորում եմ նաև Ձեզ: Սպասեք նրանց, շատ սիրեք նրանց. Դրա կարիքը զինվորը շատ ունի:

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ ` Բարույր Ջամբազյան