Աջակցություն ԼՂՀ-ում

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն այնտեղ է, որտեղ հայն ունի աջակցության կարիք:
Ապրիլյան քառօրյա պատերազմական գործողությունները մեկ անգամ ևս հաստատեցին այն ճշմարտությունը, որ եթե մեր երկրի անկախությանը մարտահրավեր են նետում, մենք մի բռունցք դարձած դառնում ենք մեկ կամք՝ գործով, գործողություններով և միասնականության ոգով։ Մեր զինվորի սխրանքով հպարտանում ենք, բայց միայն հպարտությունը քիչ է՝ սահմանին կագնած տղաներին, Արցախում սահմանամերձ շրջաններում ապրողներին բարոյահոգեբանական օգնություն ցուցաբերելու համար։ Իրական աջակցությունը ենթադրում է իրական քայլեր:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն իր արած գործերի մասին չի սիրում բարձրաձայնել. բարեգործությունը գործ դառնալուց առաջ՝ նախ սրտի դիրք է, իսկ սրտով արված գործը խոսքով չի սահմանափակվում:
Արտաքին մարտահրավերի վտանգը չի պակասել, ու դրան դիմակայողները մեր աջակցության և ուշադրության կարիքն ունեն ամեն օր, ամեն վայրկյան։ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին «Դիակոնիա» բարեգործական հիմանդրամի նախագահ Բարույր Ջամբազյանը հադիպում ունեցավ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի հետ՝
ապրիլյան քառօրյայի պատերազմի ժամանակ թշնամու թիրախում հայտնված ազատամարտիկներին և սահմանամեձ շրջաններում ապրող բազմազավակ ընտանիքներին աջակցելու նպատակով։ Նախարարության հետ կնքված պայմանագրով ազատամարտիկներին ու բազմազավակ ընտանիքներին հիմնադրամը տրամադրեց սննդով և խնամքի պարագաներով լի ավելի քան 1250 արկղ ու տաք ծածկոներ: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն առաջին անգամ չէր ԼՂՀ-ում։ Այս հանդիպումը շարունակական աջակցության և համագործակցության հիմք կդառնա ԼՂՀ կառավարության և հիմնադրամի միջև. միայն զենքով չենք պահում մեր անկախությունը, փորձում ենք այն պահել նաև մեր աշխատանքով, ընտանիքներ կազմելով, երեխաներ՝ Արցախը շենացնող սերունդ ունենալով, կրթելով։ Այս տեսակ գործողություններն ունեն նաև ռազմավարական նշանակություն, այն է` սահմանում լարված իրավիճակը, կարիքն ու սոցիալական պայմանները չէն կարող ստիպել արցախցուն լքել Արցախը։