Ամառային ճամբար

Ինչպես ամեն տարի, այս ամռանը նույնպես «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր ամառային ճամբար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Ճամբարը համախմբել էր մանուկների Արցախից, Երևանից, Հայաստանի հյուսիսային և հարավային սահմանամերձ գյուղերից:

Ամառային ճամբարի կարևորագույն առաքելությունն էր երեխաների հետ հոգեբանական աշխատանք տանելը, նրանց աջակցելը հասարակության մեջ ինտեգրման հարցում: Գյուղերում անապահով պայմաններում ապրող երեխաների մոտ ձևավորված «անտեսված լինելու» կարծրատիպն այս նախագծի արդյունքում հնարավորինս կոտրվեց:

Մանուկների առօրյան հագեցած էր բազմաբնույթ ճանաչողական արշավներով, մարզական, ինտելեկտուալ և ժամանցային տարբեր ճամբարային խաղերով: Երեխաների հետ տարվում էին աշխատանքներ՝ օգնելու հաղթահարել իրենց բարդույթները՝ բացահայտելով նրանց դեռևս չդրսևսորված հմտություններն ու շնորհները: Չափազանց կարևոր է  երեխաների համար ստեղծել միջավայր, որտեղ նրանք կկարողանան ազատ ինքնադրսևորվել և զգալ իրենց հասարակության լիիրավ անդամ: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, ապագայում ևս կիրագործի նմանատիպ ճամբարային ծրագրեր ՝ օգնելու և ուրախություն պատճառելու կարիքավոր մանուկներին: